Տեղափոխվում եմ ghardashyan.com

Տեղափոխվել եմ ghardashyan.com:

Այ այսպիսի նորություններ: Հին գրառումները կմնան այստեղ, նորերը կգրվեն այնտեղ: Եթե դեռ չեք ձանձրացել իմ գրածներից, ապա ազատ զգացեք բաժանորդագրվել բլոգիս՝ իր նոր հասցեով:

Ինտերվյու: Մաս I: [կյանքի իմաստ/ ինքնակատարելագործում]

Հետեւյալ ինտերվյուն իրականում տեղի չի ունեցել. այն վիրտուալ է. այս զրույցը գոյություն ունի միայն իմ եւ ձեր մտքում։ Այնուամենայնիվ, այստեղ ներառված են հատվածներ իրական քննարկումներից եւ խոսակցություններից։ Այս ամբողջի նպատակն է ընթերցողին մատուցել որոշ մտքեր եւ գիտելիքներ, որոնք, գտնում եմ, կարող են հետաքրքիր կամ գուցե անգամ օգտակար լինել նրան։ Դրանք ամենեւին էլ հանճարեղ չեն, սակայն, հնարավոր է, որ դրանցից որոշներն ընթերցողի մտքով ուղղակի անցած չլինեն։ Բացի դրանից, փաստացի արխիվացնում եմ որոշ բաներ, որոնք ինձ՝ 22-տարեկան տղայիս ( դե լավ, հա, տղամարդուս ) հուզում եւ հետաքրքրում են:
Մի բան էլ՝ այստեղ Տիգրանը զգալի ավելի էմոցիոնալ է ( ավելի ստույգ՝ ավելի քիչ է կառավարում էմոցիաները ), քան ես եմ իրական կյանքում: Նպատակը «քառակուսի գրածներս» մի փոքր գեղարվեստորեն համեմելն է:

Ինտերվյուն անցկացվում է վիրտուալ «Ակորդ FM» ռադիոկայանի ստուդիայում: Իմ ինտերվյուերն է «Ակորդ FM»-ի հաղորդավարուհի Լիլիթը: Նա 28 տարեկան, համեմատաբար բարձրահասակ կին է: Կրում է ակնոց՝ դրսից՝ սեւ, ներսից էլ՝ կարմիր խիստ-նեղլիկ շրջանակով: Մազերը՝ ուղիղ, երկար, սեւ-փայլուն: Շրթներին՝ կարմիր շրթներկ: Հագին՝ շատ պարզ սեւ երեկոյան զգեստ. զարդեր չկան: Կրում է բարձրակրունկ կոշիկներ: Խոսում է շատ հանգիստ-կանացի մելոդիկ ձայնով, հաճախ է ժպտում: Գործում է վստահ: Անգամ չափազանց: Դա ինձ ավելի է հուզում:

Նստած ենք իրար առջեւ՝ փոքրիկ-նեղ միջանցքատիպ սենյակում: Դուրս նայող պատուհաններ չկան, լուսավորությունն էլ թույլ է: Աթոռները առանձնապես հարմար չեն: Լիլիթի աթոռը չգիտես ինչու ավելի բարձր է քան իմը: Մեզ իրարից բաժանում է շատ ցածր սեղան, որի վրա դրված են ձայնագրող եւ այլ սարքավորումներ, ինչպես նաեւ ջրով լի մի քանի պլաստիկ շիշ: Լիլիթը փորձարկում է սարքավորումները:

Լարված եմ: Առնում եմ Լիլիթի օծանելիքի նուրբ-արբեցնող բույրը: Ձեռքերս դողում են, շունչս էլ կտրվում է: Մտքերս չեն կենտրոնանում: Ցանկանալով ինձ շփոթեցնող Լիլիթից թաքցնել այդ ամենը՝ կատարում եմ շատ անհույս փորձ. հարցնում եմ իր ականջակալների մոդելը: Կենտրոնացած աշխատող շքեղ կինը մի պահ շեղում է  հայացքը առջեւի մոնիտորից եւ հառում է ինձ: Կամ ասածս էր շատ տարօրինակ, կամ ձայնիս մեջ հնչեցին դողդղացող երանգներ, բայց նա ժպտում է ինձ՝ գրավիչ շրթների ետեւից մերկացնելով իր ճերմակ ատամները եւ կարճ-կոնկրետ պատասխանում՝ «Չգիտեմ»: Շարունակում է իր գործը: Իհարկե, փորձառու Լիլիթից իմ նյարդային վիճակն ու անվստահությունը չէին կարող վրիպել:  Թույլ հոգոց եմ հանում եւ փորձում թուլացնել բոլոր մկաններս: Ինչ-որ լավ բան է մտքովս անցնում: Մտքերից իրականություն է ինձ վերադարձնում բարձր եւ կտրուկ ձայնային ազդանշանը. մինչ եթերի սկիզբը մնացել է երեսուն վայրկյան: Լիլիթը կրկին ժպտում է ինձ, ես ժպտում եմ  ի պատասխան՝ արդեն զգալի վստահ: Նա իմ րեակցիայից գոհ՝ շարժում է գլխով: Հերթական եւ վերջին անգամ մինչ եթերի սկիզբը փորձարկում եմ իմ միկրոֆոնը. ամենինչ նորմալ է:

[Լիլիթ] Սկսե՞նք:

[Տիգրան] Սկսե՛նք:

 

—-

[Լ] Բարի կեսգիշեր, սիրելի՛ ռադիոունկնդիրներ, «Ոադիո Ակորդ»-ի եթերում է «Մենք եւ նրանք» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Առաջիկա մի ժամի ընթացքում կփորձենք միասին հետաքրքիր ու օգտակար ժամանց անցկացնել։ Ձեզ հետ կլինեմ ես՝ Լիլիթս, ինչպես նաեւ՝ այսօրվա մեր հյուրը, ում կներկայացնեմ քիչ անց։ Հիշեցնեմ, որ այս հաղորդաշարի ընթացքում ունենում ենք հետաքրքիր քննարկումներ զանազան մարդկանց հետ։ Այս եւ մոտակա հաջորդ մի քանի հաղորդումների մեր հյուրը կլինի մասնագիտությամբ ծրագրավորող եւ, եւ որոշ չափով, կարծում եմ՝ փիլիսոփա մի մարդ:.. Տիգրանը։ Նա շատ է սիրում մտածել կյանքի, մահվան եւ այլ տարատեսակ հարցերի շուրջ, իսկ մենք էլ մեր հերթին այդպիսի մարդկանց ենք շատ սիրում։ Տիգրա՞ն, դու մեզ հե՞տ ես։

[Տ] Ըմմմ, այո, [դողդղացող ձայնով] ողջույն։

[Լ] Եվ առաջին հարցը, որ մենք սովորաբար տալիս ենք մեր հյուրերին։.. Տիգրա՛ն, ո՞րն է, Ձեզ կարծիքով, կյանքի իմաստը։

[Տ] Ըմմ,.. վայրկյան, կենտրոնանամ։ Հա՛… Ըըը, կյանքի իմա՞ստը։ Նու, եկեք հարցը ավելի կոնկրետացնենք. նկատի ունեք կյանքի իմաստը ընդհա՞նրապես, թե՞ կոնկրետ ինձ համար։

[Լ] [Ծիծաղում է] Զգում եմ՝ թեժ քննարկում է սպասվում։ Պատասխանեք, խնդրում եմ, երկու հարցերին էլ։

[Տ] Դե՜… Եթե խոսում ենք կյանքի իմաստի մասին առհասարակ, ճիշտն ասած՝ պետք է ամպագոռգոռ հայտարարություն անեմ եւ ասեմ,  որ կյանքի իմաստ առհասրակ չկա եւ կարծում եմ՝ չի էլ կարող լինել։ Այ եթե խոսում ենք տվյալ ինդիվիդուումի տեսանկյունից… Յուրաքանչյուրը կարող է իր համար ընտրել կյանքի իմաստ, կամ, իհարկե, չընտրել առհասարակ։ Մեկի համար դա կարող է լինել ընտանիքը, մյուսի համար՝ հայրենիքը, երրորդի համար՝ ավելի աբստրակտ՝ սերը։ Ինձ համար այդպիսի «կյանքի իմաստ» հասկացողություն չկա։ Ուրիշ հարց, որ կան մի շարք բաներ, որոշ պրինցիպներ, որոնցով առաջնորդվում եմ կյանքում։  Բայց կյանքս, ինչքան էլ դա տհաճ չի հնչում, ընդհանուր առմամբ կարելի է ասել` անիմաստ է։

[Լ] Հետաքրքիր կարծիք է։ Բայց… Եթե Դուք Ձեր կյանքը անիմաստ եք համարում, ինչո՞ւ օրինակ հենց հիմա ինքնասպանություն չեք իրականացնի։

[Տ] Ես ասեցի անիմաստ, բայց ոչ անարժեք։ Ես գնահատում  եմ իմ կյանքը, օրինակ, որովհետեւ դրա առկայությունը շատ ավելի կարճ է տեւում, քան դրա բացակայությունը։ Ըմմմ… Կյանքի բացակայությունը Դուք դեռ կհասցնեք «վայելել», ու փաստացի [ծիծաղում է] «վայելել եք» դրա առաջին մասը այն ժամանակ, երբ դեռ ծնված չէիք։

[Լ] Քիչ առաջ նշեցիք, որ կյանքում առաջնորդվում եք ինչ-որ պրինցիպներով: Չէի՞ք մանրամասնի:

[Տ] Հա… Պրինցիպներ… Դրանք շատ են: Օրինակ, մանկուց ատել եմ անարդարությունը… Բացի դրանից, շատ եմ սիրում ինձ վրա աշխատել: Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ես բավականին հաճախ եմ այսպիսի մտքերով տարված։ Ես իմ երեւակայության մեջ ունեմ կարելի է ասել իդեալական մարդու կերպար, ում եւ ուզում եմ ինքս ինձ գոնե մոտիկացնել: Խոսքը բնավ ֆիզիկականի մասին չէ: Ըմմմ… Ասենք, իմ կողմից ինչ-որ իրավիճակում վախի ցանկացած դրսեւորում խստորեն դատապարտվում է կրկին ինքս իմ կողմից:..

Կամ մեկ ուրիշ բան. ուզում եմ հնարավորինս քիչ կախված լինել «ուրիշների» կարծիքից: Այստեղ բայց վտանգ կա. շատերը շատ են տարվում դրանով ու փորձում են գործել այդ «ուրիշների» գործելաոճից տարբեր. հենց տարբերվելու համար: Իսկ սա արդեն ինքնահաստատում է: Ինքնահաստատումն էլ մեծ մասամբ հենց  ուրիշի կարծիքից կախված լինելն է… Ստացվեց փակ շրջան, կամ երկակի ստանդարտներ:
Մյուս կողմից՝ եթե օբյեկտիվ լինենք, ուրիշի կարծիքից կախված լինելը ինքնըստինքյան իր մեջ ոչ մի ֆատալ-վատ բան չի կրում: Ուզում եմ ասել, որ ոչ մեկին ոչինչ կոչ չեմ անում:

Աշխատում եմ հնարավորինս տոլերանտ լինել այլ մարդկանց նկատմամբ: Իհարկե, խոսքը չի գնում այն իրավիճակների մասին, երբ հարազատներիս կամ  ընկերներիս կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:.. Այդ դեպքում կարող եմ լինել չզիջող ու դաժան…

Ու էսպես շատ-շատ բաներ: Աշխատում եմ նաեւ նրա վրա, որ շատ-շատ չտարվեմ էս ամեն ինչով [ժպտում է]:

[Լ] Այ Դուք քիչ առաջ խոսեցիք վախի մասին։ Բայց վախը նորմալ բան չէ՞, մանավանդ, ասենք, կյանքին վտանգ սպառնող իրավիճակներում։

[Տ] Դե… Նախ ես ինքս վախը կտարանջատեի երկու հիմնական կատեգորիայի. առաջինը՝ բնածին վախեր, որոնք որպես գենետիկ ինֆորմացիա փոխանցվել են մարդուն իր նախնիներից եւ երկրորդը՝ վախեր, որոնք առաջացել են մարդու մոտ իր կյանքի ընթացքում ու հատկապես՝ վաղ տարիքում։ Հավատացեք, երկու դեպքում էլ լրիվ անկապ-անիմաստ վախերի քանակը շատ է։ Ասելով «անկապ-անիմաստ»՝ ես նկատի ունեմ, որ այդ վախերը իրականում ոչնչով չեն օգնում դրանց «տիրոջը»: Դրանց դեմ, կարծում եմ, հաստատ հարկավոր է պայքարել, որովհետեւ ոչ մի պրակտիկ օգուտ չեն կրում, միայն բարդացնում են կյանքը:

[Լ] [Գրավիչ-էրոթիկ ու միաժամանակ հեգնական հայացքով նայում է] Համոզվա՞ծ եք, որ Ձեր նշած, այսպես ասած՝ անիմաստ վախեր չունեք: [Շարունակում է գայթակղիչ նայել…]

[Տ] [Աչքերը փախցնում է: Պաշտպանությունը պատրաստ չէր նման սրընթաց հարձակման]: Չ-չ-չ-է:.. [Թաշկինակով սրբում է ճակատի քրտինքը]: Դե, ես չեմ պնդում, որ լիարժեք անվախ եմ, ես ուղղակի ռացիոնալ տեսանկյունն էի ներկայացնում:
[Արդեն վստահ]: Ուզում եմ ասել, որ մարդը շատ ճկուն արարած է: Ես հիմա իհարկե մարդու ներաշխարհի մասին եմ, այլ ոչ ֆիզիկականի: Ես համոզված եմ, որ ցանկացած մտավոր-հոգեկան բան մարդ կարող է փոխել իր մեջ: Ասենք՝ կարող է ազատվել ֆոբիաներից, վախերից, վատ սովորություններից եւ այլն: Սեփական փորձից եմ ասում: Ու միայն ես չեմ ասում: Ու նույն սեփական փորձից. միայն համառությունը քիչ է, հարկավոր է ճիշտ ուղի: Այդ ուղին կարող է ցույց տալ պրոֆեսիոնալ հոգեբանը, իսկ այդպիսինի բացակայության դեպքում՝ միայն Ձեր կամ Ձեր հարազատի պարզ-ջինջ ուղեղը՝ համեմված տրամաբանությամբ ու մարդկային ներաշխարհի մասին գոնե թեթեւակի գիտելիքներով:

[Լ] Իսկ ինչո՞ւ է առհասարակ անհրաժեշտ փոխվել: Մի՞թե ինքդ քեզ փոխելը անբնական չէ:

[Տ] Կրկին, ես ուզում եմ շեշտել, որ ոչինչ չեմ քարոզում: Ու ոչ մի բան էլ անհրաժեշտ չէ: Գլոբալ ճիշտ-սխալ չկա: Ուղղակի պնդում եմ, որ եթե ինչ-որ մեկը փորձում է իր ներաշխարհի մեջ մի բան փոխել ու դա չի ստացվում, թող հեչ չհուսահատվի. ուղղակի կամ սխալ ուղի է ընտրել, կամ պակաս համառ է: Այսպես ասած՝ «դուխ եմ տալիս»: [Ժպտում է]: Իսկ ինչ վերաբերում է բնական-անբնականին. ո՞վ ասեց, որ անբնականը վատ է:  Ու վերջապես մարդ արարածը հենց ինքն է իր էությամբ անբնական: Մի պահ պատկերացնենք. կենդանի արարած, ով ունի ինքնագիտակցություն: Այսինքն դու գիտակցում ես, որ դու կաս, ապրում ես, դու դու ես ու դու տարբերվում ես ուրիշներից: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչպես է հնարավոր, որ կենդանի օրգանիզմը գիտակցի իր գոյությունը: Սա մի տեսակ աբսուրդ է… Ու սա շատ քիչ կենդանիների մոտ է հանդիպում, այն էլ՝ պարզ չէ, թե որքան չափսով: Մի խոսքով՝ շատ անբնական է: Էլ չեմ ասում, որ մենք՝ մարդիկ, կրում ենք հագուստ, օգտագործում կոնտրացեպտիվներ, վայելում ցիվիլիզացիայի այլ բարիքներ… Այս ամենը, հավատացեք, խայտառակ անբնական է: Այսինքն՝ փոխվել-չփոխվելու հարցը չի կարելի դիտարկել բնականության տեսանկյունից:

[Լ] Ես ընդամենը նկատի ունեի, որ մարդ իր վրա շատ աշխատելով կորցնում է «մարդկային պարզությունը»: Այն պարզությունը, որ հիմա կարելի է դեռ հանդիպել գյուղերում:

[Տ] Ինձ այդ պարզությունը ամենեւին դուր չի գալիս: Ձեր ասած պարզությունը դա այն է, երբ մարդ առաջնորդվում է միմիայն էմոցիաներով, ենթագիտակցությամբ, որը ձեւավորվել է մանկուց ու հետո նաեւ շրջապատի ազդեցության տակ՝ առանց «գիտակցության» ֆիլտրի միջով անցնելու: Այսպիսի մարդիկ, այո, կարող են, շատ ջերմ, ի սրտե ընդունել Ձեզ, կիսել Ձեզ հետ իրենց օրվա հացը, բայց նրանք նույքան արագ կարող են եւ հիշաչարանալ, քեն պահել… Մարդկային փոխահարաբերությունները շատ բարդ բան են: Իսկ ուղղակի օգտագործել բնության-էվոլյուցիայի կողմից տրված ծրագիրը՝ առանց փոփոխությունների, մարդկության համատեղ ու համերաշխ գոյատեւման տեսանկյունից ամենալավ մոտեցումը չէ: Այդ ծրագիրը նախատեսված չի եղել այսպիսի բարդ պայմանների համար:  Ուղղակի պետք է լինել սառնասիրտ ու խելամիտ այն հարցերում, որոնցում էմոցիաներն ու ենթագիտակցությունը կարող են վնասակար լինել Ձեզ կամ Ձեր հարազատներին կամ հասարակությանը…
Այդ «պարզության» պարադոքսալությունը ցուցադրելու համար բերեմ մի օրինակ, որը բոլորովին վերջերս է մտքովս անցել: Պատկերացնենք առաջին իրավիճակը: Ուրախ-զվարթ քայլում եք փողոցով ու Ձեր կողքով խուլիգանների խումբ է անցնում: Ռեպլիկներ են թողնում, ծաղրում են Ձեզ, ինչու չէ՝ փորձում են ֆիզիկական վնաս հասցնել: Կարճ ասած՝ ուզում են վնասել Ձեզ: Հիմա երկորդ իրավիճակը. քայլում եք փողոցով ու հանկարծ սայթաքում ու ընկնում ենք: Շատ հավանական է, որ այդ նույն խուլիգանները կնետվեն Ձեզ օգնելու: Երկու իրավիճակում էլ նրանք կգործեն շատ «պարզ»: Զգո՞ւմ եք պարադոքսալությունը:

Կարծում եմ վատ բան չեմ անում, երբ առաջարկում եմ աշխատել ներաշխարհի վրա, պայքարել նախանձի, անհիմն վախերի ու այլ վնասակար բաների դեմ:
[Լ] Հասկանալի է: [Ժպտում է]: Հարգելի ունկնդիրներ, Երեւանում այժմ զրո ժամ տասնվեց րոպե է, եւ մեր հաղորդման ընթացքում ավանդաբար լսելու ենք մեր հյուրի առաջարկած երաժշտությունը: Մնացեք մեզ հետ, շուտով կվերադառնանք:

[Շարունակելի]

Մտավոր մի վտանգի մասին:

Ահագին մարդկանց մոտ հանդիպել եմ հետեւյալը. փորձում են աշխարհում կատարվող շատ բաների մեջ փնտրել իմաստ, ինչ-որ մեկի գիտակցված գործողություն: Մասնավորապես՝ քաղաքագետները կամ ուղղակի քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ հաջողացնում են աշխարհում կատարվող ցանկացած իրադարձություն մեկնաբանել որպես որեւէ հիմնական ուժի նպատակային գործողություն: Այո, գուցե շատ բաներ իրոք հենց այդպիսինն են: Բայց, կարծում եմ, միշտ պետք է մտապահել այս վտանգը. ամենինչ չէ, որ բացահայտ-երեւացող-նպատակային տրամաբանություն ունի: Օրինակ, կարող է լինել պատահականություն ( տվյալ իրադարձության կոնտեքստում ) կամ ասենք, ուրիշ-չերեւացող ուժերի սադրանք եւ այլն:.. Ամենավատը, որ մեծ ուժերը եւս կարող են սա չգիտակցել, ու ինչը կարող է առաջացնել գլոբալ խնդիրներ կամ սրել վերջիններս:

Ու հա, խոսքը միայն քաղաքականության մասին չէ. վտանգը կա նաեւ մի շարք այլ տեղերում՝ մարդկային փոխհարաբերություններում; մարդու, կյանքի «առաջացմանը» վերաբերվող հարցերում եւ այլն:

Անցավ որոշ ժամանակ…

… Ու Տիգրանն ահագին փոխվեց:
Ուզում եմ մի երկու միտք արտահայտել՝ կապված բլոգիս անցյալի ու ապագայի հետ: Բավականին երկար ժամանակ է անցել իմ վերջին գրառումներից, մանավանդ՝ ոչ-տեխնիկական թեմաներին վերաբերողներից: Կցանկանայի ընթերցողին ասել, որ նախկինում գրված ահագին մտքերի հետ հիմա կտրականապես համաձայն չեմ: Չեմ ցանկանում գրաքննել նախորդ գրառումները, ուղղակի կկիսվեմ ինձ հետ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կատարված հիմնական փոփոխութունների ցանկով:

Գնացինք.

  • Բավականին լուրջ քրիստոնյայից դարձա «խորը անհավատ»:
  • Սնահավատ էի, հիմա՝ չէ:
  • Դարձա զգալի պակաս ցուցադրամոլ ( չեմ պնդում, որ էդպես-մեծ ցուցադրամոլ էի, բայց որոշ չափով կար ):
  • Դարձա զգալի ավելի տոլերանտ ինձ շրջապատող մարդկանց ու իրենց նախասիրությունների ու արարքների նկատմամբ: Ընդ որում, ասելով տոլերանտ՝ չեմ պնդում, որ «սխալ են անում, բայց ոչինչ, ես իմ բարձունքից իրենց էդպես էլ կընդունեմ»: Չէ: Ես իրոք ծանր չեմ տանում, երբ ասենք տաքսիի վարորդը մեքենայում Արմենչիկ է լսում: :-D
  • Որոշ չափով ինքնահավան էի, հիմա՝ զգալի քիչ:
  • Որոշ չափով կախված էի շրջապատի կարծիքից, հիմա՝ զգալի քիչ:
  • Հայրենասեր-ազգասեր էի, հիմա՝ ուղղակի մարդասեր: Ավելին՝ գիտակցեցի, որ «ազգ» տերմինն անգամ նորմալ սահմանում չունի: Իսկ եղած «կրոնա-մշակութա-լեզվային» սահմանմանը արդեն ես չեմ համապատասխանում: Ու հա, ես ինձ հայ չեմ համարում ( այլ՝ ուղղակի հայաստանցի ), քանի որ, կրկին, ինձ համար «ազգ» տերմինը խիստ արհեստական հասկացողություն է նշանակում:
  • Դարձա զգալի ազատամիտ: Օրինակ. ժամանակին կարծում էի, որ յուրաքանչյուր մարդ ուղղակի պարտավոր է կազմել ընտանիք, սերունդ թողնել եւ այլն, հիմա գիտակցում եմ, որ ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ: Ապրենք այնպես, ինչպես մեզ իրոք հաճելի է՝ աշխատելով շրջապատող մարդկանց հնարավորինս քիչ վնաս կամ անհարմարություն պատճառել ( վերջինը գլոբալ իմաստով կրկին պարտավոր չենք, բայց գոնե քիչ թե շատ համերաշխ սոցիումում ապրելու տեսանկյունից պետք է ): Մի շարք այլ հարցերին եւս սկսեցի ռացիոնալ վերաբերվել:
  • Որոշ չափով սովորեցի կառավարել էմոցիաներս: Ոչ թե զսպել, այլ՝ կառավարել:  :-)
  • Դարձա ավելի ինքնավստահ:
  • Ահագին լավացրեցի առողջությունս, ինչը իրոք հեշտացրեց ու արագացրեց այս ցուցակը իրագործելու պրոցեսը: ( հա, առողջ եղեք ;-) ):

Երբ իմ նախորդ գրառումների մեջ հանդիպեք մի բանի, որը հակասում է այս ցանկին, իմացեք, որ ես խորապես դատապարտում եմ իմ գրածը: :-D
Ինչ վերաբերում է ապագա գրառումներին. դրանք կլինեն: Երեւի: Ինձ նման համեմատաբար միայնակ-ճգնավոր կյանք վարող մարդու մոտ ( հիմա շատ տարածված է մոդայիկ «ինտրովերտ» բառը ) մեկ-մեկ արտահայտվելու մեծ ցանկություն է առաջանում:
Առայժմ:

Ինձ ուղղված հարցե՞ր ունեք. ունեմ ask.fm:

Սիրելի՛ ընկերներ: :-)
Գրանցվել եմ ask.fm-ում: Ինձ ուղղված ցանկացած հարց լրիվ անոնիմ կարող եք տալ այս հղմամբ:

Touchpad burn — update

Ես միայնակ չեմ…

The official ideas4writers blog

About a month ago I mentioned that I’d got a sore finger from using the touchpad on my MSI Wind. And I still have. I thought it might be something electrical — it sort of feels as if my finger is being repeatedly microwaved, albeit at very low power. But over time it builds up and starts to really hurt.

I still haven’t had a chance to try touchpads on other laptops — I’ve been way too busy. But no one else has reported this kind of problem. Anyway it’s probably best if I don’t test other laptops until my finger has fully recovered.

I’ve just had a close-up look at my finger and it seems to have a sort of blister on the tip of it. Possibly from friction — i.e. overuse or pressing too hard, or possibly from a burn. Either way, I’m going to have to…

View original post 123 more words

… Ուղղակի կիսվեմ, որ

եթե հանկարծ փողոցում տեսնեք ինձ նեղսրտած ու ջղային հայացքով, իմացեք, որ դա այդքան էլ չի համապատասխանում իրական հոգեվիճակիս: Ամենայն հավանականությամբ դուք ինձ բռնեցրել եք այն վատ ժամանակ, երբ տեղի ունի հետեւյալներից առնվազն մեկը ( առաջին երկուսը՝ ամենահավանական ).

  •  Քիթս չի շնչում, թթվածնաքաղց, նյարդայինություն, անքուն գիշերներ, «կախած ուղեղ»:
  • Աչքացավ, աչքերս արցունքոտվում են, մեջները սղոցներ են, ուզում եմ աչքերս փակ քայլել փողոցով:
  • Այլ առողջական խնդիրներ ( իմ կամ իմ մոտիկների մոտ ):
  • Տեխնիկաս լավ չի աշխատում:
  • Այլ էական խնդիրներ:

Կրկին. մեծամասամբ առաջին երկուսի ժամանակ ինձ կհանդիպեք, սակայն էությամբ ես շատ էլ պոզիտիվ ու թեթեւ մարդ եմ: ;-) ( Նու, թեթեւը անգամ բառի բուն իմաստով կարելի է հասկանալ ):
P.S. Եթե ծանոթ ենք ու չեմ բարեւում, ամենայն հավանականությամբ՝ չեմ նկատել: Պատահում են մարդիկ, ովքեր վատ են տեսնում: Անգամ ակնոցով: Դա նորմալ է: ;-)

Հայկական պլանշետների չինական հետքերով:

Արդեն մի քանի ամիս է, ինչ անոնսավորված է այսպես կոչված «առաջին հայկական պլանշետը»՝ Armtab-ը  ( իրականում՝ դրանք մի քանիսն են ): Այս ընթացքում ձեռնարկող ընկերության՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը տարբեր հարցազրույցների ընթացքում որոշակի տեղեկատվություն է հայտնել այդ պլանշետների, ինչպես նաեւ՝ դրանց արտադրության ու նախագծման կազմակերպման մասին: Դրանց մի մասը ինձ ինքնահակասող եւ տարօրինակ է թվում:

Օրինակ ( սկզբնաղբյուր ).

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ԱրմԹաբի արտադրությունը Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում դեռ չի սկսել, հիմա կառուցում են գործարանը, իսկ մինչ այդ հանրությանը ներկայացնում են իրենց առաջիկա արտադրանքի մոդելները:

Ու քիչ ներքեւ կարդում ենք.

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ 2014 թվականի արդեն երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմքը հանդիսացող PCB պլատաների նախագծումը և մշակումը»

Ճիշտն ասած՝ այս հատվածն ինձ համար ամենեւին հասկանալի չէ: Ինչպե՞ս կարելի է սկսել արտադրության գործընթացը՝ միայն պլատաներ նախագծելով ու մշակելով: Եթե պարոն Շաքարյանը նկատի ուներ, որ մինչեւ արտադրությունն են իրենք սկսելու այդ գործընթացները, ապա պարզ չէ, թե ինչպես են իրենք հիմա ներկայացնում առաջիկա արտադրանքի մոդելները ( տես առաջին մեջբերումը ):

Կամ սա ( սկզբնաղբյուր ).

Նա ( պարոն Շաքարյանը ) նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման ( software եւ hardware ) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում եւ Հոնկոնգում:

Ոչինչ պարզ չէ. վերջիվերջո Հայաստանում միայն դիզա՞յնն է իրականացվելու, թե՞՝ հավաքումը նույնպես: Իսկ միգուցե ոչ մեկը, ոչ էլ մյուսը…

Ապա.

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ:

Բան չեմ հասկանում: Խառնաշփոթ է:
Համենայն դեպս, այսօրվա դրությամբ ( 05.02.2014 ) Armtab-ի պաշտոնական կայքի պլանշետները այդքան էլ հայկական չեն:

Համոզվենք միասին ( պլանշետների նկարները վերցված են ահա այս վիդեոյից ):

Armtab 8

Back

Back

Front Lower

Front Lower

Front Upper

Front Upper

 

 

 

 

 

Սա մաքուր չինացի Cube U55GT-ն է.

Back

Back

Front

Front

 

 

 

 

 

 

Երկուսն էլ ունեն միեւնույն տեսքը, միեւնույն քաշը ( 360գ ), միեւնույն չափսերը( 200 x 135 x 7.5 մմ ), միեւնույն պրոցեսորը, միեւնույն հիշողությունը, միեւնույն տեսախցիկները եւ այլն: ( Cube U55GT-ի տվյալները՝ այստեղ ): Միակ հնարավոր տարբերությունը կարող են ծրագրային ապահովումը եւ գրությունները լինել:

Armtab 8b

Back Upper

Back Upper

Back Lower

Back Lower

Front Upper

Front Upper

Սա էլ բնիկ չինացի FNF iFive Mini3-ն է:

Back

Back

Bottom

Bottom

Front

Front

 

 

 

 

 

 

Արտաքինով եւ ներքինով սրանք լրիվ նույն պլանշետներն են: Կարող եք ստուգել երկուսի տվյալները:

Armtab 10

Front

Front

 

 

 

 

 

 

Ցավոք, Armtab 10ի ավելի հաջող նկար չկարողացա գտնել ( պլանշետը պատյանի մեջ է ). ուշադրություն դարձրեք սարքի պարամետրերին եւ ձախ վերեւի անկյունի տեսախցիկին:

Սա էլ չինական Vido N90նն է ( համանման պարամետրերով՝ շատ թեթեւակի տարբերությամբ )

Front

Front

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ ներկայիս դրությամբ հայկական պլանշետներ գոյություն չունեն: Կան ռեբրենդ արված եւ գուցե, ծրագրային ապահովումը փոխված չինական պլանշետներ:

Թեեւ կասկածներս մեծ են, սակայն հուսով  եմ, որ սա հերթական հայկական աֆերան չէ, եւ գործարանները իրոք կկառուցվեն ( եւ կարտադրեն հենց պլանշետ :-) ):

Այսքանը:

Android 4.4 ստեղնաշարի հայատառ շարվածքի առաջին նկարները:

Ներեցեք ինձ «դեղնոտ» վերնագրի համար: :-)
Android-Kit-Kat

Այս գրառման հրապարակման օրվա նախորդ օրը Google-ը պաշտոնապես ներկայացրեց Android ՕՀ-ի 4.4 “KitKat” թարմեցումը: Կես օր անց տեղադրվեցին նաեւ թարմեցման ելքային կոդերը: Կոդերի թեթեւակի «քչփորումից» հետո պարզեցի, որ Google ստեղնաշարն արդեն ունի հայատառ շարվածք: Այնուհետեւ մեր շատ սիրելի Android Police-ը տեղադրեց ստեղնաշարի APK-ն եւ հիմա մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպիսին է հայատառ շարվածքն ըստ Google-ի:
Սքրինշոթերը՝

Հեռախոսից:

Հեռախոսից:

Պլանշետից:

Պլանշետից:

Նշեմ, որ հայկական վերջակետից ( «:» ) հետո մեծատառերի ավտոմատ տեղադրումն աշխատում է: Ցավոք, ի տարբերություն CyanogenMod Android-ի 10.1 ու 10.2 տարբերակներում իմ կատարած աշխատանքի՝ ավտոկապիտալիզացիան չի աշխատում բազմակետի դեպքում:

Ընդհանուր առմամբ, 4-տողանի այս շարվածքը ինձ այնքան էլ հարմար չի թվում: Կետադրական նշանները այնքան էլ հեշտ հասանելի չեն՝ օրինակ, միջակետի, ‘«’ ու ‘»’ չակերտների եւ որոշ այլ՝ հայերենին սպեցիֆիկ կետադրական նշանների տեղադրումը իմ առաջարկած 3-տողանի տարբերակից էապես ավելի բարդ է:

Բացի դրանից՝ պլանշետի սքրինշոթում տեսնում ենք «!» ու «?» նշանների առկայություն, իսկ սա արդեն շատ անտրամաբանական է:

*   *   *

Ընդհանուր առմամբ սա շատ լավ նորություն էր. մի մեծ քայլ է ինտերնետներում հայերենի տրանսլիտից ազատվելու համար:

P.S. Այս շարվածքի վրա աշխատել են մեկ չինացի, մեկ ճապոնացի եւ մեկ ֆրանսիացի: :-))

P.P.S.

( CyanogenMod 10.1 / 10.2 իմ առաջարկած հայատառ շարվածքի սքրինշոթեր՝

Պլանշետից:

Պլանշետից:

Հեռախոսից:

Հեռախոսից:

)

P.P.P.S. Հիմա ես երկբայում եմ. արդյո՞ք արժի 3-տողանի իմ շարվածքը ավելացնել CyanogenMod-ի հաջորդ տարբերակներում՝ նշանների ավելի տրամաբանական տեղադրմամբ ու ավելի խելացի ավտոկապիտալիզացիայով…

Հղումներ։

Ողջույն:
Որոշեցի մի փոքրիկ գրառում անել, որտեղ կփորձեմ միավորել այն բոլոր հիմնական WWW ռեսուրսները, որոնցում ես ծավալում եմ, այսպես ասած, ոչ մասնագիտական, բայց համեմատաբար ակտիվ գործունեություն։ :-)

1. Իմ Flickr-ը. սա իմ ֆոտոբլոգն է։ Նշեմ, որ այն ամբողջովին սիրողական է. ես ինձ անգամ «լուսանկարող» չէի անվանի։ Ավելին՝ լուսանկարչությունը «առանձնապես հզոր արվեստ» չեմ էլ համարում ( համեմատած՝ ասենք, «սովորական» նկարչության կամ երաժշտության հետ )…
Ի դեպ նկարների exif-տվյալները անպայման տեղում են։

2. Իմ Instagram-ը. սա իմ Flickr էջի «հանրամատչելիոտ» տարբերակն է։ Այստեղ բացի Flickr-ի նկարներիս «կրճատ» վարիանտներից, կարելի է գտնել այնպիսինները, որոնք Flickr-ում չկան։

3. Իմ Tumblr-ը. այստեղ պահում եմ բաներ, որոնք ինձ պարգեւում են գեղարվեստա-էսթետիկ հաճույք ( խիստ մաթեմատիկորեն. ինձ համար գեղարվեստա-էսթեթիկ արժեք
ներկայացնող նյութերի ( խիստ ) ենթաբազմություն։ Ուզում եմ ասել, որ բնավ ամեն մի լավ բան չէ, որ իր տեղը գտնում է Tumblr-ում կամ առհասարակ՝ WWW այս բոլոր ռեսուրսներում )։

4. Իմ Twitter-ը։ Սա առանցքային է։ Ինձ այստեղ հետեւողը հետեւոմ է իմ գրեթե ողջ ինտերնետ-գործունեությանը ( բայց, հուսով եմ՝ ոչ իմ ամբողջ կյանքին :-))) )։ Տեղադրում եմ մանր-մունր մտքեր, թեթեւ գրառումներ, նորություններ… Մի խոսքով՝ «դասական միկրոբլոգինգ»։

5. Այս բլոգը, որում ընթերցողը հիմա կարդում է այս գրառումը։ Այստեղ տեղադրվում են հիմնականում ավելի «ծանրակշիռ» նյութեր։
… “Certified” նյութեր, որոնք ես համարում եմ համեմատաբար երկարակյաց։

6. Իմ Youtube ալիքը։ Այստեղ Pink Floyd-ի մեծ սիրահարները կարող են գտնել “hard-to-find” ռարիտետներ ու հետաքրքիր նյութեր, որոնք, կարծում եմ՝ արժանի են ուշադրության։ Ուրիշ վիդեոներ եւս կարող եք գտնել։

7. Եվ վերջապես իմ Goodreads-ը, որում պահվում են ցանկեր՝ իմ կարդացած գրքերի, կարդացվող գրքերի եւ գրքերի, որոնք կցանկանայի կարդալ։ Ցավով պետք է նշեմ, որ տարեցտարի քչանում է այն ժամանակը, որ ես կարող եմ հատկացնել գիրք կարդալուն… :-(
Այսքանը:

Ընկերնե՛ր, ձեզ առողջություն:

%d bloggers like this: